Կուր գինիների գործարանի տարածքը գտնվում է Աղավնաձոր գյուղի հարավային հատվածում՝ խաղողի այգիներին կից տարածքում։ Տարածքն արևմտյան կողմից երիզվում է ձորակով, իսկ արևելյան կողմից՝ գրունտային ճանապարհով, որտեղից և հնարավոր է կազմակերպել նախագծվող գործարանի մուտքը՝ պահպանելով լանդշաֆտի առկա միակ սպիտակ ուռենին։
Տարածքների և սենքերի նախագծային առաջադրանքով բաշխման արդյունքում, ինչպես նաև, հաշվի առնելով հողմասի հարաչափերն ու կողմնորոշումը, տեղադրվել է L-աձև շինություն։
Սենդվիչներով և մետաղական կմախքով հավաքովի առաջին մասնաշենքում տեղակայվել են խաղողի մթերման և խմորման պրոցեսների համար նախատեսված սենքեր։ Հաշվի առնելով խմորման համար անհրաժեշտ գինու պահման տարաների բարձրությունները` այդ մասնաշենքի ծածկի թեքությունն ընդունվել է 22 աստիճան, որը հանդիսանում է ամենաարդյունավետ թեքությունը արևային մարտկոցների տեղադրման համար՝ պահպանելով առաջադրանքով պահանջված տարաների քանակը։
Արենիի տեղական քարով երեսպատված կամ դաշտային քարերով գաբիոնի շարվածքով երկրորդ շինությունը նախատեսված է շշալցման, հնեցման և համտեսի համար։ Կարծում ենք` հետաքրքիր կլինի հնարավորինս շատ օգտագործել տեղանքում առկա նյութերն, ուստի` առաջարկել ենք գաբիոնի տեխնոլոգիայով հողում առկա և արդեն հանված քարերն օգտագործել որպես երեսապատման նյութ։ Այս շինության կոնստրուկտիվ լուծումը նախատեսվում է իրականացնել երկաթբետոնե հիմնակմաղքով։
Վարչական մասը նախատեսված է երկրորդ մասնաշենքի տանիքին և ունի շեղվածություն հիմնական կառույցից՝ բացահայտելով տարածքի հարակից բնական հետաքրքիր կենսապատկերը (լանդշաֆտ)։ Այդ մասում նախատեսված են վարչական սենքեր և մուտք դեպի երկրորդ մասնաշենքի տանիք, որը կարող է հանդիսանալ կանաչ տանիք – պարտեզ՝ հնարավորություն ստեղծելով այս տարածքն օգտագործել տարբեր բացօթյա միջոցառումներ կազմակերպելու համար, օրինակ՝ պրեզենտացիաներ կամ ծանոթացում խաղողի տեսակներին։