SP2

Մոտեցում

Հիմնականում ճարտարապետներից բաղկացած մեր թիմը փորձում է նախագծման գործընթացը դիտարկել որպես բազմագիտակարգ հետազոտություն և բացահայտումների շղթա։ Յուրաքանչյուր նախագծային գործընթաց սկսվում է դաշտային դիտարկումներից ու միջազգային փորձի ուսումնասիրություններից, որոնց հաջորդում են համակարգված փորձարկումները, իսկ վերջում այն վերածվում է տեխնիկական համակարգերի համակարգ-օրգանիզմի։

Դիտարկելով ճարտարապետությունը որպես նախևառաջ սոցիալական գիտություն, մեր թիմի համար տարածության հանրային ընկալումները շատ ավելի կարևոր են, քան դրա մնացյալ դրսևորումները։ Տարածության հարմարավետության, անվտանգության և գեղագիտական բաղադրիչներն ածանցվում են հանրության համար որակյալ միջավայրի ծրագրավորման պատասխանատվությունից և հիմնված են կայունության ու շրջակա միջավայրի պահպանության հիմնարար գաղափարների վրա։

Մեր նախագծերում խնդիր չի դրվում զարմացնելու մարդկանց, այլ փորձ է արվում ստեղծելու այնպիսի միջավայր, որում մեր միջամտությունը կարճ ժամանակ անց ընկալվի այնպես, կարծես թե «այն այնտեղ էր միշտ»։ Տեղի հիշողության և պատմականորեն ձևավորված ինքնաբուխ միջավայրերի վերարժևորման շնորհիվ նախագծային գործընթացներում մենք փորձում ենք պլանավորել հարատև, բայց կերպարանափոխվող, տարածության և ուրբանիզացիայի երկարատև ճանապարհը։

Կարևորելով հատկապես տեխնիկական լուծումներն ու հարմարավետության համար անհրաժեշտ մանրուքները, անկախ մեր նախագծերի ընդգրկումից՝ քաղա՞ք, թե՞ ժամանակավոր տաղավար, մենք նույն բոցավառ պատրաստակամությամբ բարեկամանում ենք մեր պատվիրատուների և ապագա շահառուների հետ։