Պատմություն
ՍՊ2 ճարտարապետական գրասենյակը հիմնադրվել է 2006 թվականին։ Այն իր գործունեության ընթացքում ծառայել է որպես Սարհատ Պետրոսյանի և տարբեր ճարտարապետների հետ համագործակցության յուրօրինակ հարթակ։ Սկզբնավորվելով Հայաստանում հետխորհրդային շրջանի տնտեսական զարգացման առաջնային փուլում, գրասենյակը նախագծային գործընթացի հետազոտական բաղադրիչի կարևորման շնորհիվ 2011 թվականին հիմնեց ուրբանլաբ քաղաքային հետազոտահեն կազմակերպությունը, որը մեր թիմի՝ շահույթ չհետապնդող օղակն է։ Այն քաղաքային խնդիրների քարտեզագրող, հանրայնացնող ու երբեմն՝ լուծումներ նախանշող յուրահատուկ լաբորատորիա է, որն արդեն ունի տարածաշրջանային ընդգրկում։
ՍՊ2 ճարտարապետական գրասենյակը, որը հանդես է գալիս «ՍՊ2» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (կրճատ՝ ՍՊ2 ՍՊԸ) իրավաբանական անձի անունով, նախկինում կոչվել է Սարհատ և ընկերներ, ապա՝ ուրբանլաբ, իսկ 2011 թվականից հանդես է գալիս որպես ՍՊ2 / SP2։ Շատերն են հարցնում հապավման բովանդակության մասին, որն ունի մի քանի բացվածք՝ Սարհատ Պետրոսյան և ընկերություն, հայերեն ՍՊԸ բառի լատինատառ հապավումը, ու դեռ մտածում ենք, թե էլ ինչ կարող է այն նշանակել։
Որպես շահույթ հետապնդող, բայց միևնույն ժամանակ՝ ճարտարապետության սոցիալական դերը գիտակցող ու կարևորող թիմ, կազմակերպությունը կարևորել է ավելի շատ տարածության վերաբերյալ հանրային ու մասնագիտական ընկալումների փոփոխությունը, քան իր աշխատանքների գովազդումն ու վավերագրումը։ Այդ իսկ պատճառով, կայքում և առհասարակ տարբեր հարթակներում կարող եք հանդիպել վերջին շրջանի մեր նախագծերին, սակայն 2006 թվականից ձգվող մեր պատմությունը շատ հարուստ է տարբեր ընդգրկման նախագծերով։
Նկարում Սարհատ Պետրոսյանի առաջին նախագծերից մեկն է. 1924-1927 թվականներին ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով կառուցված Երևանում գտնվող բնակելի տան ընդարձակումը, որի առաջին հարկում ապրել և ստեղծագործել է Ակսել Բակունցը։